«Արմավիա» ավիաընկերությունում հաստատել են տեղեկատվությունը, թե «Զվարթնոց» օդանավակայանում չվերթների սպասարկման դադարեցումը կապված է ավիափոխադրողի պարտքերի հետ:

«Արմենիա-Միջազգային օդանավակայաններ» ընկերությունը նախազգուշացրել է «Արմավիային», որ չվերթները չեն սպասարկվի, քանի դեռ պարտքերը չեն մարվել:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Արմենիա-Միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը, սեպտեմբերի 16-ի առավոտից հետաձգվել են Երեւան-Թել-Ավիվ, Երեւան-Սոչի եւ Երեւան-Մոսկվա չվերթները:

Ժամը 11:30-ին որոշում է  կայացվել ուղեւորներին հասցված անհարմարություններից խուսափելու համար թույլատրել հետաձգված չվերթների իրականացումը: Մոսկվա մեկնող ինքնաթիռն արդեն օդ է բարձրացել Հայաստանի մայրաքաղաքից, ներկայումս ընթանում է Թել-Ավիվ եւ Սոչի չվերթների գրանցումը:

Սակայն «Արմավիայի» պարտքերի հարցը դեռ չի լուծվել եւ հայտնի չէ, թե ինչ է լինելու այսօրվա մյուս չվերթների հետ:

«Արմավիա» ընկերությունը ստեղծվել է 1996-ին: 2005 թվականին բաժնետոմսերի ողջ փաթեթն անցել է Միխայիլ Բաղդասարովի «Միկա Լիմիթեդ» ընկերությանը: Այսօրվա դրությամբ, «Արմավիան» շաբաթական 102 չվերթ է իրականացնում աշխարհի 20 երկրների 35 ուղղություններով: