Հայաստանում ներկա դրությամբ 3 ադրբեջանցի ռազմագերի կա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունից: Կոմիտեի ներկայացուցիչ Ռուզաննա Վարդանյանը նշեց, որ Կոմիտեն պարբերաբար այցելում է ռազմագերիներին եւ հետեւում նրանց կեցության պայմաններին: Ռամագերիները, նշենք, պահվում են ազատազրկման վայրերում: «Եթե գերիների հետ կապված որեւէ խնդիր է ի հայտ գալիս, մեր  պատվիրակն, առանց վկաների, այցելում է գերիներին, եւ խնդիրներ տեսնելու դեպքում այդ մասին հայտնում տեղի իշխանություններին: Սա մտնում է մեր կազմակերպության գաղտնապահության սկզբունքով վարվող երկխոսության մեջ, որը մենք չենք հանրայնացնում»,-ասաց Վարդանյանը: Նա, սակայն չնշեց գերիների անունները, բացատրելով, որ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի, այդ մարդիկ պետք է պաշտպանված լինեն հանրային հետաքրքրասիրությունից: «Մենք համարվում ենք միջազգային մարդասիրական իրավունքի ջատագովը: Ժնեւյան կոնվենցիաներում հստակ ասված է, որ գերիների անունները չպետք է հրապարակվեն նույնիսկ այն դեպքում, եթե իրենք ուզում են դա»,-ասաց Կոմիտեի նեկայացուցիչը:

Նշենք, որ 2010 թ. օգոստոսի 27-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսային ուղղությամբ տեղակայված հայկական դիրքապահներին է հանձնվել ադրբեջանական բանակի 191-րդ լեռնահրաձգային բրիգադի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռոման Նովրուզ օղլի Հուսեյնովը:  Ըստ նախաքննության տվյալների՝ պայմանագրային զինծառայող Հյուսեյնովը հայկական ուժերին է հանձնվել զորամասի հրամանատարության կողմից իր հանդեպ պարբերաբար իրականացված նվաստացուցիչ գործողությունների պատճառով:

Հիշեցնենք, որ ԼՂՀ  ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը ժամանակ առաջ հայտարարություն էր տարածել, որտեղ դատապարտում էր Բաքվի կողմից ռազմագերիների եւ պատանդների խնդրի քաղաքականացումը: «Ցինիկաբար օգտագործելով հայ ռազմագերիներին, Ադրբեջանի իշխանությունները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես, Ժնեւյան համաձայնագրերի նորմերը, որոնք նախատեսում են տվյալ խմբի անձանց հետ վարվեցողության որոշակի կանոններ: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների պետական հանձնաժողովը խստորեն դատապարտում է ռազմագերիների եւ պատանդների բացառապես մարդասիրական հիմնախնդրի քաղաքականացումը պաշտոնական Բաքվի կողմից»,- ասված էր հայտարարության մեջ: