Սեպտեմբերի 15-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությանը: ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրում պաշտպանության բնագավառի նոր նպատակների հավելմանը, բազմազգ գործողություններին ՀՀ զորակազմերի մասնակցությանն առնչվող հարցեր: Կողմերը բարձր են գնահատել Հայաստանում պաշտպանական բարեփոխումների եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ գրանցված առաջընթացը:
ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգի համատեքստում գործընկերության ապագայի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարի հարցին ի պատասխան պարոն Սիմոնսը հավաստիացրել է, որ Հարավային Կովկասի գործընկերների հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները կշարունակեն մնալ առաջնահերթություն: Իսկ ինչ վերաբերում է գործընկեր երկրների կողմից այդ համագործակցությունն իրենց կարիքներին համապատասխանեցնելուն, ապա Հայաստանի դեպքում դա կատարվել է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի եւ մի շարք այլ ենթածրագրերի միջոցով, ինչն իր բնույթով օրինակելի է:
ՀՀ պաշտպանության նախարարը հատուկ ընդգծել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնի կարեւորությունը եւ շնորհակալական խոսքեր ուղղել Ռոբերտ Սիմմոնսին` անցած 7 տարիների ընթացքում նրա կողմից իրականացված արդյունավետ գործունեության համար:
Քննարկումները շարունակվել են նաեւ հանդիպմանը հաջորդած պաշտոնական ընթրիքի ընթացքում:





























