Ռուսաստանի Ստավրոպոլի մարզի Գեորգիեւսկ քաղաքում հայուհին հայուհու է սպանել: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի հայերի միության Ստավրոպոլի  մարզային բաժանմունքի պետ Գեորգի Սաֆարովը` անդրադառնալով բազմազավակ մայր Լուսինե Առուստամյանի սարսափելի սպանությանը:  

Նրա խոսքով,  հայերի միջեւ կենցաղային բախում է եղել: «Ինչ է եղել, ես ինքս էլ չգիտեմ, որովհետեւ ներկայումս քննություն է ընթանում: Երբ քննությունն ավարտվի, կկարողանանք ինչ-որ բան իմանալ», - ասել է Գեորգի Սաֆարովը:

Նշենք, որ Ռուսաստանում` Ստավրոպոլի մարզի Գեորգիեւսկ քաղաքում տեղի է ունեցել տեղի բնակչուհի, բազմազավակ մայր Լուսինե Առուստամյանի սպանությունը: Նախնական տվյալների համաձայն, Ինոզեմցեւո գյուղի  41-ամյա բնակչուհու սպանությունը տեղի է ունեցել մինչեւ ամանորի տոները: Հանցանքի մեջ կասկածվում է սպանվածից պարտքով գումար վերցրած կինը, որը եւս   «Լիրա» շուկայում առեւտուր անող գործարար է:  Քննության վարկածի համաձայն, Լուսինե Առուստամյանը Գեորգիեւսկ`  40-ամյա գործընկերուհու մոտ է եկել պարտքը վերցնելու: Հանդիպումը տեղի է ունեցել նրա քրոջ տանը, որը շրջանային պոլիկլինիկայում ղեկավար պաշտոն է զբաղեցնում: Կանանց միջեւ վեճ է բռնկվել, պարտապանը պարտատուին հարվածել է դանակով, մասնատել է դիակը եւ մարմնի մասերով պայուսակը նետել է Պոդկումոկ գետը: