Դատաձեռագրաբանական փորձաքննությամբ չի հաջողվել պարզել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի անունից գրված երկտողն ինքն է գրել, թե մեկ այլ անձ: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին,  Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  եզրակացությունը հրապարակելի ասաց դատավոր Դավիթ Հարությունյանը:

«Ոչ մեկ մեղավոր չի ու կապ չունի, ուղղակի հոգնել եմ ու անհետաքրքիր ա, քաշքշուկի համար կներեք» բովանդակությամբ գրության վերաբերյալ, ըստ փորձագետի, կատեգորիկ եզրակացություն տալ հնարավոր չէ գրաֆիկական նյութի սակավության պատճառով: Հնարավոր չի եղել նաեւ պարզել՝ կուրսանտի սենյակում հայտնաբերված անձեռոցիկի վրայի արյան հետքը ում է պատկանում:

Փորձաքննության ներկայացված ներքնակի հետքերում հաստատվել է արյան եւ մեզի առկայություն, որոնք, ըստ փորձագետի՝ կարող էին առաջանալ Հայկազ Բարսեղյանից:

Ամբաստանյալների եղունգների կտրվածքների վրա արյան առկայությունը հաստատվել է: Ամբաստանյալներից մեկի դեպքում հնարավոր չի եղել պարզել՝ ում կարող այն պատկանել, մյուսների դեպքում հաստատվել է, որ այն կարող էր պատկանել հենց ամբաստանյալներին:

Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել:

Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: