Քաղաքական թեժ աշուն Հայաստանում չի սպասվում։ Մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։
Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի այն հայտարարությանը, որով ՀԱԿ-ը բողոքում է Ազատության հրապարակը հանրահավաքի համար իրենց չտրամադրելու դեմ, Մինասյանն ասաց, որ կարեւոր չէ, թե որտեղ ես խոսում, կարեւորն այն է, թե ինչի մասին ես խոսում։ «Ես վստահ չեմ, որ ցույցին նոր գաղափարներ կհայտնվեն եւ շատ մարդ կհավաքվի»,- հայտարարեց Մինասյանը։
Ասուլիսին ներկա քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն էլ հայտարարեց. «Որքան պասիվ են հասարակական զանգվածներն, այնքան ավելի ծայրահեղ վիճակների մեջ են ընկնում քաղաքական խմբավորումները։ Դա քաղաքական օրինաչափություն է։ Միանշանակ է, որ հասարակության մեծ մասը դժգոհ է։ Սակայն, երբ երկրում տիրում է ավտորիտար համակարգը, իշխանությունները միշտ հնարավորություն ունեն չեզոքացնել դժգոհ զանգվածին»,- ասաց քաղաքագետը։
Մեկնաբանելով ՀԱԿ-ի հայտարարությունն այն մասին, որ կայանալիք ցույցին Լեւոն Տեր-Պետրոսյանը անակնկալ է պատրաստել, Մինասյանը հայտարարեց, որ չգիտի, թե ինչի մասին է խոսքը, սակայն կարծում է, որ դա քաղաքական հնարք է, որպեսզի ցույցին շատ մարդ հավաքվի։




























