Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը, թե Հայաստանի եւ Ադրբեջանի ցանկության դեպքում Իրանը կրկին կարող է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կայունացնող դերակատարություն ունենալ, նորմալ է: Այս մասին այսօր` փետրվարի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը:

«Եթե Թուրքիան տարիներ շարունակ փորձում է միջամտել Ղարաբաղի հակամարտության հարցում, ինչո՞ւ Իրանի նման հզոր պետությունը չի կարող միջամտել: Բայց չմոռանանք, որ այս հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, եւ այդ երկրներն ընդամենն  իրենց ցանկություններն են առաջարկում: Վստահ եմ, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը ԵԱՀԿ շրջանակներից  դուրս չի գա»,-ասաց ՀՀԿ անդամը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 25-ին Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Հոսյեն Ջաբերի Անսարիի հայտարարել էր, թե Հայաստանի եւ Ադրբեջանի ցանկության դեպքում Իրանը կրկին կարող է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կայունացնող դերակատարություն ունենալ:

 Նշենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին երկիրն էր, որ Ղարաբաղի  հակամարտության կարգավորման հարցում 1992թ. միջնորդական առաքելություն է իրականացրել, որը սակայն խափանվել է Շուշիի ազատագրմամբ: