Լավ ֆիլմերը   երիտասարդությանը նոր գաղափարների եւ ձեռքբերումների են մղում: Այդ մասին փետրվարի  12-ին բրիտանական ֆիլմերի փառատոնից առաջ հայտնել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախտինը:   

Փառատոնի կազմակերպիչը British Council-ն է, փառատոնը կընթանա Միացյալ Թագավորության դեսպանատան եւ Beeline ընկերության աջակցությամբ:

Ընկերությունն արդեն 4-րդ տարին է, որ աջակցում է փառատոնին: Բրիտանական ֆիլմերը, որ մեծահասակների սիրելին են, արդեն գրավում են նաեւ երիտասարդությանը եւ Երեւանում, եւ շրջաններում: 

«Մենք ուրախ ենք, որ այս տարի ընդլայնվել է այն շրջանների ցանկը, որտեղ կցուցադրվեն ֆիլմերը: Նշանակում է, ավելի մեծ քանակությամբ մարդկանց կյանքը կլցվի հետաքրքիր ինչ-որ բանով եւ դեպի  լավը կփոխվի», - հայտնել է Պյատախտինը: 

Փառատոնը, որը թվով արդեն 14-րդն է, կսկսվի փետրվարի 20-ին եւ կընթանա ինչպես Երեւանում, այնպես էլ շրջաններում: Երեւանում ցուցադրությունները կընթանան  փետրվարի 20-26-ը` «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ մայրաքաղաքային ցուցադրություններից հետո` շրջաններում: Այս տարի բրիտանական կինոն կհասնի Ապարան, Դիլիջան եւ Ալավերդի քաղաքներ:   

Փառատոնի հատուկ հյուրը կլինի Սայմոն Ուիլքինսոնը, որն աշխատում է տրանսմեդիա ոճում: Ստեղծագործական տեխնոլոգիաների  «Թումո» կենտրոնում նա կներկայացնի The Cube ֆիլմը: