Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները թվային տվյալների փոխանցման ռեկորդ են սահմանել: Նոր ռեկորդը կազմել է  վայրկյանում 1,125 տերաբիթ: Աշխատանքի հետ ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ  Scientific Reports ամսագրում, իսկ համառոտակի տեղեկացնում է Rambler News Service գործակալությունը:  

«Համեմատության համար` դա 50 հազար անգամ ավելի արագ է, քան Մեծ Բրիտանիայում գերարագ ցանցերի ներսում փոխանցումը, որը վայրկյանում 24 մեգաբիթ է: Օրինակ` մեր ձեռք բերած արագությունը թույլ կտա  «Գահերի խաղի» ամեն   HD սերիան ներբեռնել մեկ վայրկյանում», – հայտնում են հետազոտության հեղինակները:  «Ստացված արդյունքը նոր փուլ է բացում, որովհետեւ ցույց է տալիս, որ տվյալների փոխանցման 1 տերաբիթ վայրկյան արագությամբ օպտիկական հաղորդակցային ցանցերը սկզբունքորեն հնարավոր են: Թվային կապի գերարագ համակարգերը ապահովում են համացանցի գործունեությունը եւ չափազանց կարեւոր են եւ թվային ինդուստրիայի, եւ առօրյա կյանքի համար», — մեկնաբանում է աշխատանքի հեղինակներից մեկը`   UNLOC նախագծի հետազոտող Պոլինա Բեյվելը:

Գիտնականների խոսքով, նման արդյունքի հնարավոր է եղել հասնել տեղեկությունները որպես օպտիկական ազդանշաններ կոդավորելու հատուկ համակարգի օգտագործման միջոցով: Փորձարկման շրջանակում գիտնականները փոխանցիչն ուղղակիորեն միացրել են ընդունիչին: