Նյու Յորքում սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած Ղուրանի անարգումը հարուցել է Իրանի հայերի ատելությունը։

Ազգությամբ հայ իրանցի պատգամավորներ Ռոբերտ Բեգլարյանը եւ Գեւորգ Վարդանը հայտարարել են, որ ամերիկացի հոգեւորականի գործողությունները զարմացրել եւ ատելության զգացում են առաջացրել իրանահայերի մոտ։

Պատգամավորները նաեւ նշել են, որ Իրանի քրիստոնյա հայերը միանում են իրենց մահմեդական եղբայրների բողոքին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Թեհրանից հայ արքեպիսկոպոս Տիգրան Սարգսյանը նամակ էր հղել իրանական IRNA լրատվական գործակալությանը, որտեղ հայտնել էր Ղուրանն այրելու հանդեպ ունեցած իր վրդովմունքը։

Հիշեցնենք, որ Ֆլորիդայում մի հոգեւոր հովիվ խոստացել էր այրել Ղուրանն այն բանից հետո, երբ ամերիկյան իշխանությունները հավանության էին արժանացրել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ողբերգության վայրում մզկիթ կառուցելու գաղափարը։