Հայաստանում ավարտվում են ՆԱՏՕ-ի «Արմենիա-2010» զորավարժությունները, որոնց մասնակցել են Եվրաատլանտյան գործընկերության, Միջերկրածովյան երկխոսության անդամ 15 պետությունների, նաեւ 11 այլ երկրների ներկայացուցիչներ, մոտ 600 մասնակից եւ 40 դիտորդներ: Զորավարժությունները նվիրված էին տարերային աղետների հետեւանքների վերացմանը: Գործնական մասն անցել է Լուսակերտում:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, համաձայն զորավարժությունների սցենարի՝ սեպտեմբների 11-ին՝ ժամը 09։05-ին, ՀՀ Կոտայքի մարզում երկրաշարժ է տեղի ունենում, որի արդյունքում մահանում են 12 հազար, վիրավորվում 17 հազար մարդիկ։ Շարքից դուրս են եկել ջրամատակարարման եւ կոյուղու, կապի, գազա եւ էներգամատակարարման համակարգերը, տրանսպորտը, հրդեհվել են մի շարք հիվանդանոցներ, հազարավոր մարդիկ անօթեւան են մնացել։ Սցենարի համաձայն՝ վթար է տեղի ունեցել նաեւ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի քիմիական գործարանում, մթնոլորտ  է նետվել 4 տոննա քլոր, վթարվել է քիմիռեակտիվներ տեղափոխող բեռնատարը։

Նաեւ, անհայտ վարակի հետեւանքով թռչնաֆաբրիկաներից մեկում սատկել են մի քանի հազար հավեր։ Սցենարի համաձայն, տուժել է նաեւ օդանավակայանը: Հայաստանը աշխարհի երկրներին խնդրում է իրեն օգնություն ցուցաբերել՝ ուղարկելով համապատասխան տեխնիկա եւ մասնագետներ։

Նշենք, որ վարժանքներին մասնակցում են նաեւ Թուրքիայի ներկայացուցիչները: Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդում էին, որ մասնակցության համար թուրքական կողմը ժամանակավորապես կբացի Հայաստանի հետ սահմանը: Սակայն NEWS.am-ը հայտնել էր, որ թուրք մասնագետներն ու թուրքական տեխնիկան Հայաստան են ժամանելու Վրաստանի տարածքով, ինչն էլ տեղի ունեցավ:

Պաշտոնական մասի ավարտից հետո կայանալու է տոնական ընթրիք եւ համերգ:

 

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի