Վլադիկավկազում սեպտեմբերի 9-ի ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել են ինգուշ գրոհայինները: Այդ մասին ասված է «Ինգուշիայի ամիր» ոմն Ադամի տարածած հաղորդագրության մեջ, որը տեղադրվել է իսլամիստական Hunafa կայքում:
Ըստ հայտարարության, Վլադիկավկազի կենտրոնական շուկայում պայթյունը կազմակերպել եւ իրականացրել է «Ռիյադու-ս-Սալահին» հայտնի դիվերսիոն-ահաբեկչական խմբավորման ինգուշական գումարտակը: Այն ձեւավորվել էր դեռ Շամիլ Բասաեւի կողմից, եւ ներառված է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ահաբեկչությունը «օսական անհավատների դեմ ջիհադի շարունակությունն է օկուպացված ինգուշական տարածքներում»:
Հիշեցնենք, որ ահաբեկչության զոհ էին գնացել 18 մարդ, այդ թվում՝ չորս հայեր, որոնցից մեկը Գյումրիի բնակիչ Արսեն Էլբակյանն էր: 8 հայեր կային նաեւ վիրավորների շարքում:




























