Հայաստանում «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքն ընդունվել է դեռեւս 2006 թվականին եւ համապատասխանում էր տվյալ պահին տեղեկատվության պահպանման տեխնիկական հնարավորություններին (տպագիր նյութեր, նյութական կրիչներ եւ այլն): Սակայն վերջին տարիներին բուռն զարգացում են ապրել թվայնացման տեխնոլոգիաները։ Տեղեկատվական աղբյուրների (գրադարաններ, արխիվային փաստաթղթեր, թանգարանային հավաքածուներ եւ այլն) զանգվածային թվայնացմանը զուգահեռ առաջացել է վերոնշյալ օրենքում փոփոխությունների անհրաժեշտություն։
Մտավոր սեփականության գործակալության հեղինակային եւ հարակից իրավունքների բաժնի պետ Սոնյա Հարությունյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գործող օրենքի 22-րդ հոդվածը նախատեսում է նյութական կրիչներով պահպանվող ստեղծագործությունների ազատ օգտագործում։
«Ազատ օգտագործում նշանակում է՝ նյութերի ազատ օգտագործում առանց հեղինակի համաձայնության եւ վարձատրության, սակայն հեղինակի անվան եւ ստեղծագործության սկզբնաղբյուրի պարտադիր նշումով, որը չի վնասում ստեղծագործության նկատմամբ հեղինակի օրինական շահերին»,-ասաց Ս. Հարությունյանը։ Թույլատրվում է գիտական, հետազոտական, բանավիճային, քննադատական եւ տեղեկատվական նպատակով օրինական ճանապարհով հրապարակված ստեղծագործության քաղվածքների մեջբերում կատարել։
Մտավոր սեփականության գործակալության բաժնի պետի խոսքով՝ օրենքի նոր լրացումների շնորհիվ ստեղծագործությունների ազատ օգտագործումը կթույլատրվի նաեւ թվայնացված տեղեկատվության պարագայում։ Օրենքի փոփոխությունները նախատեսվում է կիրարկել 2011-ին:




























