Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի Մեծ Բրիտանիա այցելությունն սկսվել է Մեծ Բրիտանիայի թագուհու հետ Շոտլանդիայում հանդիպումով, հաղորդում է NEWSru.com-ը:

Նշենք, որ նրա այցելությունից մեկ օր առաջ մի քանի տասնյակ հայտնի բրիտանացի դերասաններ, քաղաքական գործիչներ եւ գրողներ ստորագրել են բաց նամակի տակ, որտեղ, մասնավորապես, ասվում է, որ Մեծ Բրիտանիան «չպետք է նման պատվի արժանացներ» այն կազմակերպության ղեկավարին, «որն ընդունակ չէ միջոցներ ձեռնարկել երեխաների դեմ կաթոլիկ հոգեւորականների կողմից իրականացված բռնությունների դեմ»:

Ինչպես հաղորդում է «Իտառ-Տասս»-ը, Հռոմի Պապը լրագրողներին ասել է, որ Կաթոլիկ եկեղեցին բավարար զգոնություն չի ցուցաբերել եւ շատ դանդաղ է որոշումներ կայացրել հոգեւորականների կողմից կատարվող մանկապղծության դեպքերի առնչությամբ: «Ես շատ եմ տխրեցի, երբ իմացա այդ մասին» ասել է նա, հավելելով, որ ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե «ինչպե՞ս կարող են Աստծուն ծառայողները գնալ նման քայլերի»:

Հռոմի Պապը բացատրել է, որ իր այցելության պետական կարգավիճակը, դա «Մեծ Բրիտանիային ցուցաբերվող հարգանքի ձեւ է» «Իրականում սա քաղաքական այցելություն չէ, այլ հովվական»,- նշել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը սեպտեմբերի 16-ից սկսում է իր չորսօրյա այցը Մեծ Բրիտանիա: Դա կլինի Հռոմի պապի առաջին  պետական այցը՝ Միացյալ Թագավորության եւ Վատիկանի հարաբերությունների ողջ պատմության ընթացքում: Հռոմի պապի այցելությունն սկսվելու է Շոտլանդիա այցով: Այսօր նա կլինի Էդինբուրգում, վաղը՝ Լոնդոնում եւ Բիրմինգհեմում: Միեւնույն ժամանակ, Բրիտանիայում կարծիքները կիսվել են, թե հարկավո՞ր է, արդյոք, այդ այցը: Հասարակական կարծիքի վերջին հարցումները ցույց են տվել, որ բրիտանացիների 76 տոկոսը կարծում է, թե հարկատուները չպետք է վճարեն Շոտլանդիա եւ Անգլիա Պապի այցելության համար, իսկ բնակչության մեծ մասին այդ այցն ընդհանրապես չի հետաքրքրում: