Ավելի քան մեկ տարի պահանջվեց Սեւան -Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի բարձրացման աշխատանքներն իրականացնելու համար: Հիշեցնենք, որ Լճաշենի մոտ գտնվող այս հատվածը Սեւանա լճի մակարդակի բարձացման հետեւանքով ջրածածակվել էր: Ճանապարհը երիզող ծառերը հատվեցին, որից հետո որոշվեց 2,5 կմ-անոց հատվածը 3 մետրով բարձացնել: Անցած տարվա հուլիսից սկսվեցին աշխատանքները,իսկ ճանապարհի այդ հատվածը պետք է շրջանցեին Լճաշեն գյուղի միջով, որը երեք անգամ ավել երկար է, շուրջ 7 կմ:
NEWS.am-ի թղթակիցը Տրանսպորտի եւ կապի նախարարությունից փորձել է պարզել, թե ի՞նչ փուլում են աշխատանքները: Նախարարի մամուլի քարտուղար Սուսան Տոնոյանի փոխանցմամբ` օրերս ավարտվել են աշխատանքները: «Ճանապարհն արդեն շահագործվում է, թեեւ ասֆալատապատման աշխատանքներ չեն իրականացվել: Այժմ ճանապարհը խճապատ է, քանի որ ջրի բարձացման վտանգ կա»,- ասել է նա:
Վերջինիս ներկայացրած տվյալների համաձայն` Սեւան Մարտունի -Գետափ ճանապարհի պայմանագրային արժեքը կազմել է 968, 94 միլիոն դրամ: 2009-ին կատարվել է 376, 825 մլն դրամի աշխատանք,իսկ այս տարվա բյուջեով նախատեսված է կատարել 592, 114 մլն դրամի հիմնանորոգման աշխատանքներ: Սեպտեմբերի 15-ի դրությամբ` կատարվել է 178 միլիոն դրամի ափապաշտպան միջոցառումներ եւ հողային աշխատանքեր, բացի այդ տեղադրվել են 3400 մ մետաղի արգելափակոցներ, որոնց արժեքը կազմել է 74 միլիոն դրամ:




























