2008 թվականից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հրատարակում է «Հայկական մաթեմատիկական հանդես» եւ «Հայկական ֆիզիկական հանդես» էլեկտրոնային մասնագիտացված գիտական ամսագրերը:
ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, սակայն, որ վերոնշյալ ամսագրերը ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը(ԲՈՀ) չի ընդունում։
«Մենք առաջարկներ ենք ստանում անգամ արտասահմանից` մեր էլեկտրոնային գիտական ամսագրերում նյութեր հրապարակելու համար, իսկ ԲՈՀ-ը կարծես վախենում է էլեկտրոնային գիտական ամսագրերից»,-ասաց Տ. Զարգարյանը՝ հավելելով, որ դրա հիմնական պատճառաբանությունն այն է, որ սխալի դեպքում, էլեկտրոնային ամսագրերում հնարավոր է արագ սխալների ուղղում կատարել, ինչն ապացուցելը դժվար է։
Տ. Զարգարյանի խոսքով՝ երբ որեւէ մեկը դիսերտացիա պաշտպանելիս ցանկանում է նյութեր տպագրել գիտական ամսագրերում, նա ձեռնպահ է մնում դրանք էլեկտրոնային գիտական ամսագրերում տպագրելուց, քանի որ ԲՈՀ-ի կողմից էլեկտրոնային գիտական ամսագրերում տպագրված նյութերը դեռեւս հաշվի չեն առնվում, մինչդեռ միջազգային պրակտիկայում տպագիր գիտական հանդեսները կամաց-կամաց իրենց տեղը զիջում են էլեկրոնային ամսագրերին:




























