Իրանն ու ԵՄ-ն պատրաստվում են համապարփակ համագործակցության։ Այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը, որը երկուշաբթի մեկնել է Բրյուսել՝ բանակցելու ԵՄ արտաքին գործերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

«Իրանն ու ԵՄ-ն  պատրաստ են սկսել համապարփակ համագործակցությանը»,- մեջբերում է Զարիֆի խոսքը IRNA-ն։ Զարիֆի խոսքով՝ բանակցությունները նվիրված են լինելու հարցերի լայն մասշտաբի, այդ թվում՝ հունվարի 16-ին սկսած Իրանի միջուկային ծրագրի իրականացմանը, Սիրիայի եւ Եմենի հակամարտությունների կարգավորմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Անդրադառնալով Սիրիայի ճգնաժամին՝ Զարիֆը նշել է, որ Իրանը կարծում է, որ Սիրիայի ժողովուրդը իր փոխարեն որոշում կայացնող որեւէ մեկի կարիքը չունի։ «Սիրիայի քաղաքացիներն ի վիճակի են իրենք որոշել իրենց ճակատագիրը»,- ասել է Զարիֆը։

Ինչ վերաբերում է Եմենի հակամարտությանը՝ Իրանի արտգործնախարարը նշել է, որ Թեհրանը մտադիր է բարձրացնել այդ երկրում պատերազմի եւ Սաուդյան Արաբիայի ապօրինի հարձակման հարցը, որը պետք է կանգնեցվի։