Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրավիրել է Բուենոս-Այրեսի իր գործընկեր Մաուրիսիո Մակրիին այցելել Հայաստանի մայրաքաղաք:
Արգենտինայի նորանշանակ դեսպան Միգել-Անխել Կունեոյի հետ հանդիպմանը Գագիկ Բեգլարյանն ընդգծել է Բուենոս-Այրեսի հետ տարբեր ոլորտներում կապերի կարեւորությունը:
Քաղաքապետը առիթը բաց չի թողել շնորհավորել դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ Երեւանի եւ Բուենոս Այրեսի միջեւ հարաբերությունները այսուհետ կսերտանան եւ գործնական հիմքերի վրա կդրվեն:
Իր հերթին արգենտինացի դիվանագետը նկատել է, որ բոլոր ջանքերը կգործադրի համագործակցության զարգացման համար: «Արգենտինայում ապրող հայերի եւ արգենտինացիների միջեւ ստեղծված են ջերմ հարաբերություններ, Բուենոս Այրեսում կա հայկական փողոց, որն ամենաժամանակակից եւ ամենախոշոր փողոցներից մեկն է», - ասել է Միգել Անխել Կունեոն:




























