Իրանի իրավապահները խուզարկություն են անցկացրել իրանական ընդդիմության առաջնորդ Միր Հոսեյն Մուսավիի գրասենյակում: Հենց Մուսավին էր գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հիմնական հակառակորդը 2009թ. ընտրություններում:
Իրավապահներն առգրավել են բոլոր նյութերը, ներառյալ՝ գրքերն ու համակարգիչները: Իրանական ընդդիմադիր «Կալեմե» կայքը հայտնում է, որ խուզարկությունից մի քանի ժամ առաջ անվտանգության աշխատակիցներն սկսել են պարեկություն անել հարակից փողոցներում՝ թույլ չտալով քաղաքացիներին մոտենալ Մուսավիի գրասենյակին:
Ըստ կայքի, խոչընդոտելով ընդդիմության աշխատանքը, կառավարությունը փորձում է իրանցի ժողովրդին շեղել երկրի իրական վիճակից, առաջին հերթին տնտեսական ծանր դրությունից:
Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստին» Իրանում ներքաղաքական դրությունը սրվել էր 2009թ. հունիսի 12-ի ընտրություններից հետո: Ընդդիմությունը մեղադրել էր իշխանություններին` ընտրությունները կեղծելու մեջ եւ փողոց դուրս բերել ժողովրդին: Բախումների արդյունքում զոհվել էր 30 մարդ, մոտ 4 hազարը ձերբակալվել էին:





























