Կենտրոնի եւ Նորք Մարաշի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝  փետրվարի 15-ին, մերժեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ՝ փաստաբանի միջնորդությունը:

Լրագրողների հետ զրույցում փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ դատարանը նման որոշման հիմքում դրել է այն, որ նրա գործունեությունը կարող է ազդել գործի քննության վրա, բացի այդ մտավախություններ կան, որ Գեւորգ Սաֆարյանը կարող է դատարան չներկայանալ:

«Դատարանը հաշվի է առել նրա քաղաքացիական հայացքները: Կարելի է ենթադրել, որ Գեւորգ Սաֆարյանը այս պահի դրությամբ քաղբանտարկյալ է»,- ասաց փաստաբանը:

Տիգրան Հայրապետյանը նաեւ նշեց, որ մտավախություններ կան, որ Գեւորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը կարող է երկարաձգվել: Նրա խոսքով՝  քննիչն այսօրվա դատական նիստին նման ակնարկ է արել, ասել է, որ այլ երկրներում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության կիրառումը ավելի խիստ կպատժվեր:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատարանի որոշումը դժգոհություն առաջացրեց Գեւորգ Սաֆարյանի` դսատարանի առջեւ հավաքված համախոհների շրջանում, նրանք ձվեր նետեցին դատարանի շենքի վրա: Այս պահին, Գեւորգ Սաֆարյանի սատարող մի քանի տասնյակ քաղաքացիներ Կենտրոն եւ Նորք Մարաշ դատարանի շենքի մոտից շարժվում են ԵԽԽՎ գրասենյակ:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

Դատարանի որոշմամբ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: