ՆԱՏՕ-ն եւ ՀԱՊԿ-ն հակառակորդներ չեն. դրանք անվտանգության համակարգեր են` իրենց շահերի գոտիներով, որոնք երկրներին թույլ են տալիս օգուտ ստանալ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուկրաինական «Պրոֆիլ» պարբերականին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, Հայաստանին հաջողվում է համատեղել անդամակցությունը ՀԱՊԿ-ի եւ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: «Հայաստանին հաջողվում է լավ հարաբերություններ ունենալ մի կողմից` Միացյալ Նահանգների, մյուս կողմից` Իրանի հետ, մի կողմից` Ռուսաստանի, մյուս կողմից` Վրաստանի հետ, քանի որ մենք վարում ենք շիտակ քաղաքականություն: Մենք չենք փորձում օգուտներ քաղել մյուս երկրների հակասություններից: Մեզ համար ամենալավն այն է, երբ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի շահերը համընկնում են: ՆԱՏՕ-ն եւ ՀԱՊԿ-ն հակառակորդներ չեն: Դրանք անվտանգության համակարգեր են` իրենց շահերի գոտիներով, որոնք երկրներին թույլ են տալիս օգուտ ստանալ: Գիտեք, միշտ չէ, որ ճիշտ է կյանքում միայն սեւ ու սպիտակ տեսնելը: Նման մոտեցման դեպքում խնդիրներն անխուսափելի են: Իսկ երբ ներկապնակը մեծ է`կյանքը հեշտանում է»,- ասել է Սարգսյանը:

«Մենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցում ենք Անհատական գործընկերության պլանի հիման վրա, ինչը մեզ հնարավորություն է տալիս կիրառել Դաշինքում կուտակված հսկայական փորձը, մասնակցել խաղաղապահ գործընթացներին (հայ խաղաղապահները հիմա ծառայում են Կոսովոյում եւ Աֆղանստանում-խմբ.): ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է ընձեռում արդիականացնել մեր բանակը, բարեփոխումներ կատարել, որոնել անվտանգության համակարգ կառուցելու ճիշտ, արդի ուղիներ: Այն, որ ես այսքան դրական եմ խոսում Դաշինքի մասին, չի նշանակում, թե Հայաստանը պատրաստվում է ՆԱՏՕ-ին անդամակցել: Բայց, լինելով ՀԱՊԿ անդամ` չտեսնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության դրական արդյունքները` նշանակում է հետեւել սառը պատերազմի ժամանակաշրջանի մտածելակերպին»,- նկատել է Սարգսյանը: