Ընդամենը երեք տարի առաջ Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ան Նաիմին ասում էր, որ նավթի մեկ բարելի դիմաց 100 դոլար գինը իդեալական է թե՛ սպառողների, թե՛ արտադրողների համար: Այն մնում է մատչելի սպառողների համար, բայցեւայնպես ֆինանսապես շահութաբեր արտադրողների համար, թույլ տալով նոր հանքավայրեր ու արդյունահանման նոր մեթոդներ մշակել: Բայց հիմա բարելի դիմաց մոտավորապես 28 դոլար են տալիս, ինչը, ամենայն հավանականությամբ, մեծամասամբ Սաուդյան Արաբիայի ու ՕՊԵԿ-ում (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) նրա դաշնակիցների (Քուվեյթ, Կատար, ԱՄԷ) որոշումների հետեւանքն է:
Նրանք որոշել են չկրճատել արդյունահանումը՝ չնայած շուկայում առաջարկն արդեն իսկ զգալիորեն գերազանցում էր պահանջարկը, գրում է Le Huffington Post թերթը: Ոմանց կարծիքով, սա մասամբ բացատրվում է Իրանի կյանքը բարդացնելու ցանկությամբ: Ի վերջո պատժամիջոցների չեղարկումից հետո իրանցիները ուզում են վերականգնել իրենց օրինական տեղը համաշխարհային էներգետիկայում: Իրանի վերադարձը մրցակցություն է ստեղծում Սաուդյան Արաբիայի ու մյուս խոշոր արտադրողների համար: Առավել եւս հիմա, երբ առաջարկն այդքան գերազանցում է պահանջարկը: Իսկ Իրանն ասում է, որ պատրաստ է արդեն հիմա օրական 500 հազար բարել մատակարարել, իսկ մի քանի ամսից՝ մեկ միլիոն բարել, հայտնում է Inosmi-ն:
Բյուջեի պակասորդը լրացնելու համար Իրանին պետք է, որ նավթի գինը լինի բարելի դիմաց 130 դոլար, ինչը հիմա շատ հեռու է իրականությունից: Ընդ որում Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին ու նույնիսկ Ռուսաստանին կգոհացնեին դրանից շատ ավելի ցածր գները: Այսինքն այս հարցում Իրանի դաշնակիցները շատ չեն, իսկ ցածր գները արգելակում են այն ներդրումները, որոնց կարիքը իրանական հանքավայրերը շատ են զգում:
Թեհրանը Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների ֆինանսական ռեսուրսները չունի, ինչը կարող է ցածր գների ժամանակաշրջանն առավելապես ցավալի դարձնել Իրանի համար: Իրանին պետք է, որ նավթի գինը 130 դոլար լինի նաեւ որովհետեւ Իրանը բնակչության քանակով երկրորդ երկիրն է Մերձավոր արեւելքում ( 79.7 մլն բնակիչ), իսկ մեծ սոցիալական ծախսերը կարեւոր դեր են կատարում հասարակական հանգստության ու քաղաքական կայունության ապահովման հարցում: Նավթի ցածր գների պահպանումը ուժեղագույն ճնշում է Իրանի իսլամական հանրապետության վրա: Ամեն դեպքում սխալ կլիներ կարծել, թե այս պահին կատարվող իրադարձությունները ընդամենը Իրանի ու Սաուդյան Արաբիայի պայքարի ծայրահեղ դրսեւորումն են: Սաուդյան Արաբիայի նպատակն է հաղթել մի քանի խոշոր մրցակիցների՝ նրանց ֆինանսապես հյուծելով: Իրանը նրա համար ընդամենը թիրախներից մեկն է, ընդ որում ոչ գլխավորը:
Սաուդցիների նշանակետում նախեւառաջ ամերիկյան թերթաքարային նավթի արդյունաբերությունն է: Շատերն են այդ մասին մոռանում, բայց նավթի գների անսպասելի անկման պատճառը ամենեւին էլ սաուդցիները չէին: Նրանք ընդամենը պատասխանել են, ընդ որում միանգամայն տրամաբանորեն, շուկայում ստեղծված դիսբալանսին, ինչը պայմանավորված էր ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանումով: Միջազգային էներգետիկ գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ն առաջին տեղն է դուրս եկել նավթի ու գազի արդյունահանման ծավալներով, լուրջ մրցակցություն ստեղծելով Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի համար: Նման պայմաններում ՆԱԵԿ –ն 2014 թ նոյեմբերին որոշեց չտրվել ճնշումներին, այսինքն չզիջել շուկայի մասնաբաժինը: Կազմակերպության նպատակն էր կրճատել ամերիկյան թերթաքարային նավթի ծավալները: Եվ ըստ երեւույթին այս ռազմավարությունը (ոմանց համար դժվար, բայց Սաուդյան Արաբիայի համար ընդունելի) սկսել է պտուղներ տալ:
Սաուդյան Արաբիայի մյուս նպատակն է պահպանել Չինաստանին, որպես իր խոշոր հաճախորդի: Առայժմ նրան հաջողվում է մնալ Չինաստանի գլխավոր մատակարարը, բայց մրցակցությունը սրվում է: Մոսկվան Էր Ռիյադի համար ամենավտանգավոր մրցակիցն է, մասնավորապես Արեւելյան Սիբիր – Խաղաղ օվկիանոս խողովակաշարի պատճառով, որը ուղիղ չինական շուկա է հասնում: Այս խողովակաշարը երաշխիք է Չինաստանի ղեկավարության համար, որը մտավախություններ ունի, որ ճգնաժամի դեպքում ամերիկյան նավատորմը կարող է շրջափակել երկիրը: 30 դոլարից ցածր գներով Սաուդյան Արաբիան բառացիորեն ատրճանակը դեմ է տվել ռուսական տնտեսության քունքին: Սաուդյան Արաբիան ու որոշ այլ երկրներ կարող են շարունակել արդյունահանումը՝ չնայած ցածր գներին: Ռուսաստանի, Վենեսուելայի, Իրաքի ու այլ պետությունների համար այս իրադրությունն անհամեմատ ավելի ծանր է: Այլ կերպ ասած՝ մենք գործ ունենք տնտեսական պատերազմի հետ, որը Սաուդյան Արաբիայից ու Իրանից բացի շատ այլ խաղացողների էլ է ներառում:



























