Ռեստորաններում ու տաքսիներում պետք չէ խաբել օտարերկրացի զբոսաշրջիկներին՝ դրանից Հայաստանի հեղինակությունն է տուժում: Այս մասին փետրվարի 16-ին հայտնել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության ղեկավար Մեխակ Ապրեսյանը:
Նրա խոսքով, պետք չէ համարել, որ այդ երեւույթները համատարած են:Պարզապես նման տհաճ դեպքերը, նույնիսկ եթե եզակի լինեն, կարող են բացասաբար անդրադառնալ ամբողջ երկրի հեղինակության վրա: «Հավելյալ հազար դրամը տաքսիում կամ էլ ռեստորանում, վայրկենական շահույթ է, ոչ ավելին: Բայց դա կարող է վնասել բոլորին, եթե մեկ –երկու տարուց երկիրը զրկվի մի քանի տասնյակ այցելուներից: Մեր խնդրանքն է՝ զերծ մնացեք նմանատիպ քայլերից: Դրանք կարող են վնասել բոլորիս»,- ասել է Ապրեսյանը:



























