Իրանը մեր ամենակարեւոր հարեւաններից մեկն է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուկրաինական «Պրոֆիլ» պարբերականին տված հարցազրույցում:

«Այնպես է ստացվել, որ արտաքին աշխարհի հետ մենք հաղորդակցվում ենք միայն Վրաստանի եւ Իրանի միջոցով: 1990-ական թվականների սկզբում, երբ Վրաստանում շատ անհանգիստ իրավիճակ էր, հայկական շուկայում ապրանքները չորս-հինգ անգամ կթանկանային, եթե չլիներ իրանական ճանապարհը: Բացի այդ, Իրանը էներագակիրներով հարուստ երկիր է: Հայաստանում դրանք չկան, եւ մենք շատ սերտորեն ու հաճույքով համագործակցում ենք այդ ոլորտում»,- ասել է նախագահը:

Նրա խոսքով, Իրանը շատ հավասարակշռված մոտեցում ունի ղարաբաղյան հիմնախնդրի նկատմամբ: «Դուք գիտեք, որ Ադրբեջանն Իսլամական կոնֆերանսի կազմակերպության շրջանակներում փորձում է հիմնախնդիրը ներկայացնել որպես միջկրոնական: Այս դեպքում դա շատ հեշտ հերքվում է, քանի որ Հայաստանը հրաշալի հարաբերություններ ունի Իրանի հետ: Թեհրանի հետ համագործակցելու նաեւ բազմաթիվ այլ պատճառներ կան: Այսօր, համագործակցությունը հիմնականում զարգանում է տնտեսության եւ հումանիտար ոլորտներում»,- նշել է նա: