«Չորրորդ ինքնիշխանությունն» անդրադարձել է Վանի առեւտրա-արդյունաբերական պալատի տնօրենի հայտարարությանը, ըստ որի առաջիկայում հայ եւ թուրք գործարարները Վանում երեք խոշոր ծրագրեր կիրականացնեն, այդ թվում՝ 5 աստղանի հյուրանոց կկառուցեն: Այդ ծրագրերի արդյունքում, Վանում մի քանի հարյուր միլիոն դոլար կներդվի:
«Չորրորդ ինքնիշխանությունն» այս փաստը հետեւյալ կերպ է մեկնաբանում. «Նման խոշորամասշտաբ ծրագրերի համար, հասկանալի է, հսկայական գումարներ են պետք, իսկ Հայաստանում խոշոր գումարները կենտրոնացած են բացառապես իշխանությունների եւ նրանց հովանավորությունը վայելող բիզնեսմենների ձեռքում: Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները որոշել են «ֆինանսավորել թուրքական բանակը»: «Վանում զբոսաշրջության զարգացման ծրագիր», բայց մեկը չկա՞ ասի. «զարգացնող եք՝ Հայաստանում զարգացրեք գբոսաշրջությունը»: Թե՞հիմա Թուրքիայում հյուրանոց կառուցելն ավելի ձեռնտու է. հիմնական հաճախորդները սփյուռքահայերն են լինելու, նրանք էլ արդեն Հայաստանը տեսել-պրծել են: Ամեն դեպքում՝ կապիտալը Հայաստանից փախցնելու լավ ձեւ է։ Համ էլ բավականին ապահով է. միջազգային աղմուկից կվախենան, ու ոչ մեկը չի խլի»:




























