Երեւանի քաղաքապետարանը անպատասխանատու, ապօրինի եւ սադրիչ որոշում է կայացրել` արտոնելով մարտի 1-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին երկու ուժերի հայտերը: Այս մասին այսօր` փետրվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
«Բոլորս էլ լավ գիտենք, որ մարտի 1-ին երկու հաստատված հայտ կա: Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, սա քաղաքապետարանի անպատասխանատու, ապօրինի, սադրիչ որոշում էր»,-ասաց Զուրաբյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենք հանդիպում են ունեցել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամների հետ` առաջարկել մարտի 1-ին հանդես գալ միասնական միջոցառմամբ:
«Մարտի 1-ը զոհերի հիշատակը հարգելու խնդիր է, ժողովրդի բողոքն է պետական ոճրագործության դեմ: Մենք առաջարկել ենք իրենց ծրագիր, այսօր պարզ կլինի նրանց պատասխանը»,-ասաց Զուրաբյանը:
Զուրաբյանը չհայտնեց` մարտի 1-ին Ազատության հրապարակի հարթակից առանձին ելույթներ կհնչեն, թե ոչ:
Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել մարտի 1-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին ՀԱԿ-ի եւ «Նոր Հայաստանի» հայտերը:





























