Apple կորպորացիան մտադիր է վիճարկել Սան Բերնարդինոյի հրաձգի iPhone–ը արգելափակումից հանելու մասին դատական կարգադրագիրը: Ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուքը հաճախորդներին հասցեագրված նամակում շարադրել է այդ մտադրության պատճառները:

«ԱՄՆ իշխանությունները մեզ խնդրել են իրենց համար ստեղծել մի բան, որը գոյություն չունի, ու որով մենք չենք ուզում զբաղվել: Նրանք խնդրել են ստեղծել iPhone–ի համար «սեւ մուտք»: ՀԴՎ –ն խնդրում է ստեղծել օպերացիոն համակարգի հատուկ տարբերակ՝ առանց պաշտպանության որեւէ մեխանիզմի, որպեսզի այն տեղադրի հետաքննության ընթացքում ձեռք բերված հեռախոսի վրա »,- հայտնել է Քուքը:

ՀԴՎ պահանջը վերաբերում է iPhone–ի համար գաղտնաբառի ընտրության մեխանիզմին . նրանք խնդրել են իրենց հնարավորություն տալ էլեկտրոնային ձեւով մուտքագրել գաղտնաբառը ու վերացնել մի քանի անհաջող փորձերից հետո սարքավորման արգելափակման գործառույթը:

Քուքի կարծիքով, նման պահանջը թույլ կտա ԱՄՆ իշխանություններին հետագայում ցանկության դեպքում մուտք գործել Apple–ի ցանկացած սարքավորում:

«Այս կարգադրագիրը վիճարկելու որոշումը մեզ համար հեշտ չէր: Մենք անհրաժեշտ ենք համարում մեր մտավախություններն արտահայտել այն երեւույթի կապակցությամբ, ինչը մենք իշխանության չարաշահում ենք համարում»,- նշել է կորպորացիայի գլխավոր տնօրենը, հայտնում է Slon–ը:

Քալիֆորնիական դատարանը պարտավորեցրել էր Apple–ին օգնել ՀԴՎ-ին  արգելափակումից հանել Սեիդ Ֆարուկի հեռախոսը, որն իր ընկերուհի Թաշֆին Մալիքի հետ միասին 2015 թ. դեկտեմբերի 2-ին հարձակվել էր հաշմանդամների կենտրոնի վրա: Փոխհրաձգության հետեւանքով 14 մարդ էր զոհվել: Հարձակվողներին էլ ոստիկանությունն էր սպանել: Հարձակման համար պատասխանատվություն էր ստանձնել «Իսլամական պետություն» խմբավորումը: