Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հերքում է, որ որդու մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել:
«Բանսարկություններ են, դիմացն ընտրություններ են: Մենք երկու ամիսը մեկ սպասում ենք նման բանի: Բոլորդ էլ գիտեք՝ ով է սա անում... Որեւէ բողոք, վկայություն չկա, օդի միջից նման բան սարքելը հոգնեցուցիչ է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Ղուկասյանը:
Նշենք, որ ըստ ոստիկանության լրատվական ծառայության, 2016թ. փետրվարի 12-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 11-ին` կեսօրին, Գյումրիի Ռուսթավելու փողոցում գտնվող մանկական սրճարանում, վիճաբանության ժամանակ նախկինում դատապարտված, 32-ամյա Սպարտակ Ղ.-ն իր ընկերոջ՝ 29-ամյա Պատվական Մ.-ի հետ մահակներով ծեծի են ենթարկել 1979 թ. ծնված Նորայր Ս.-ին եւ 36-ամյա Գարիկ Բ.-ին: Այնուհետեւ նույն օրվա գիշերը Գարիկ Բ.-ն գնացել է Սպարտակ Ղ.-ի հորը` 1961 թ. ծնված Վարդան Ղ.-ին պատկանող, նախկին դատարանի տարածքում գտնվող գրասենյակ, որտեղ կրկին տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Վարդան Ղ.-ի թիկնապահները ծեծի են ենթարկել Գարիկ Բ.-ին: Նույն օրը Վարդան Ղ.-ն Սպարտակ Ղ.-ի հետ ծեծել են 1970 թ. ծնված Արթուր Թ.-ին, իսկ 1982 թ. ծնված Կոլյա Ղ.-ն ծեծի է ենթարկել «Սլաբոտկա» թաղամասի բնակիչներից մեկին: Փետրվարի 16-ին նյութերի նախապատրաստման ընթացքում Պատվական Մ.-ն, Արթուր Թ.-ն, Նորայր Ս.-ն եւ Գարիկ Բ.-ն բացատրությաններ են տվել, որ փետրվարի 11-ին իրենք որեւէ մեկի հետ չեն վիճաբանել, իրենց ոչ ոք չի հարվածել կամ հրել: Պատվական Մ.-ին, Արթուր Թ.-ին, Նորայր Ս.-ին, Գարիկ Բ.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Վարդան Ղ.-ն եւ Սպարտակ Ղ.-ն բաց են թողնվել: Ձեռնարկվում են միջոցառումներ թիկնապահների ինքնությունը պարզելու, նրանց եւ Կոլյա Ղ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:





























