Կողակից փնտրելու հայտարարություն տված 90-ամյա Միշա պապին վերջապես իր սրտով մեկը հանդիպել է, սակայն այս անգամ էլ որոշ ժամանակ հետո կինն է մտափոխվել:

«Սաբաբ արին՝ զանգեց, թե թերթով էր տեսել, չեմ հիշում: Սկսեցինք շփվել, էն էլ հետո որոշեց, որ Կիրովականի իր խոնավ տունը ավելի լավն ա, քան իմ էս հրաշք տունը: Մի քիչ շփվեցինք, հանդիպեցինք, մի անգամ էլ ինքն եկավ մեր գյուղ, բայց հետո չուզեց գալ մոտս, էդպես բաժանվեցինք»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Միշա պապը, որն ապրում է Լոռու մարզի Շնող գյուղում: 

Միշա պապն ափսոսում է, որ ոչինչ չի ստացվել, քանի որ վանաձորցի 70-ամյա կինն իր բոլոր պահանջներին համապատասխան է եղել. «Լավ կնիկ էր, էդ էլ թե խի տենց արավ՝ չհասկացա»:

Միշա պապը դրանից հետո էլի մի քանի զանգեր է ստացել, սակայն կանանցից ամեն մեկի մեջ կրկին մի թերություն գտել է: Նախկինում երեք անգամ ամուսնացած պապը մաղարիչ, քեֆ ուրախություն է խոստանում նրանց, ովքեր իր համար հարմար հարսնացու կգտնեն: