Փետրվարի 15-ի երեկոյան «Պապլավոկի» մոտակայքում ծեծի են ենթարկել LGBT համայնքի մի քանի ներկայացուցչի: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարծիք» հասարակական կազմակերպության (Pink Armenia) նախագահ Մամիկոն Հովսեփյանը՝ նշելով, որ նրանց վրա հարձակվողները եղել են անհայտ անձինք:

 «Նրանց թիրախը հիմնականում մեկն է եղել իսկ մյուսները կողքից փորձել են պաշտպանել նրան, այդ պատճառով էլ նրանց էլ են խփել: Նրանք տուն գնալիս են եղել, նրանց հայհոյել են եւ սկսել ծեծել»- ասաց Մամիկոն Հովսեփյանը:

Մամիկոն Հովսեփյանի խոսքով, երիտասարդները մարմնական լուրջ վնասվածքներ չեն ստացել, դիմել են բժշկի, հետազոտվել են, այս պահին իրենց լավ են զգում:

ՀԿ նախագահի խոսքով՝ կատարվածի վերաբերյալ տուժողները դիմում են ներկայացրել ոստիկանություն, որտեղ դիմումին ընթացք են տվել: