Ֆրանսիայի ազգային փոստային օպերատոր «Լա Փոստը» դառնում է «Հայփոստի» գործընկերը։ Այդ մասին այսօր` սեպտեմբերի 17-ին հրավիրած մամլո ասուլիսում հայտարարեց «Գրուպ Լա Փոստի» միջազգային կապերի տնօրեն Ժան Պոլ Ֆորսեւիլը։

«Լա Փոստը» Եվրոպայի երկրորդ խոշորագույն փոստային օպերատորն է, 20 մլրդ եվրո տարեկան շրջանառությամբ եւ 530 մլն եվրո շահույթով։ Ժ.Պ. Ֆորսեւիլը հայ ազգաբնակչությանը խոստացավ ոչ միայն փոստային ծառայությունների ընդլայնում, այլեւ որակի բարձրացում փոստային բիզնեսի բոլոր 3 ուղղություններով՝ նամակ, բեռնափոխադրում եւ ծառայություններ։ Բացի այդ՝ «Հայփոստը» սպառողներին առաջարկելու է բոլոր բանկային եւ ապահովագրական ծառայությունները։ Հիշեցնենք, որ արդեն համարյա 1 տարի է՝ «Հայփոստի» բաժանմունքներում համատեղության կարգով գործում են «Փոստբանկի» բաժանմունքները, որոնք հանդիսանում են «Կոնվերս բանկի» մասնաճյուղեր։ Սպառողն, այդպիսով հնարավորություն է ստանում 1 կետում իրականացնել ցանկացած դրամային գործարք։

«Հայփոստի» գործադիր տնօրեն Արման Խաչատրյանի խոսքով՝ այս ուղղությամբ է շարժվում ողջ աշխարհը, այսինքն՝ փոստային ծառայությունները միակցվում են բանկային եւ ապահովագրական ծառայությունների հետ։ «Հայփոստում» առայժմ ձեռնպահ են մնում միայն մեկ բանկային ծառայության մատուցումից՝ վարկավորումից, սակայն «Կոնվերս բանկի» գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանն այսօր լրագրողներին ասաց, որ որոշ ժամանակ անց նաեւ վարկեր կտրամադրվեն ֆիզիկական անձանց (չեն սպասարկվում միայն կորպորատիվ հաճախորդները)։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայփոստը» 250 բաժանմունք ունի, որոնց մեծ մասը՝ մարզերում, կարելի է ենթադրել, որ գյուղացիության վարկավորման ոլորտում շուտով ի հայտ կգա ուժեղ խաղորդ։ Ըստ Արման Խաչատրյանի՝ «Հայփոստը» մոտ 4 մլրդ դրամ (մոտ 10,8 մլն դոլար) է ներդնելու մինչեւ 2015 թ. բաժանմունքները վերակառուցելու նպատակով: