Հայաստանի դատախազությունը բավարարել է Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից ստացված միջնորդությունը՝Ռուսաստանում անօրինական ձեռնարկատիրության մեջ մեղադրվող Թելման Մխիթարյանին էքստրադիցիայի ենթարկելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: Նա նշեց, որ միջնորդությունը բավարարելու հետ կապված համապատասխան որոշումը սեպտեմբերի 10-ին ուղարկվել է Մխիթարյանին: Ստանալուց հետո 10-օրյա ժամկետում Մխիթարյանը կարող է բողոքարկել որոշումը՝ Հայաստանի դատական մարմնում: «Կախված այն բանից, թե ինչ որոշում կկայացնի դատարանը, ըստ այդմ էլ հնարավոր կլինի խոսել էկստրադիցիայի ենթարկելու հետ կապված հետագա ընթացակարգերի մասին»,-ասաց Տռուզյանը՝ հավելելով, որ Մխիթարյանը դեռեւս Հայաստանում է:
Հիշեցնենք, որ Թելման Մխիթարյանը ձերբակալվել էր օգոստոսի 25-ին Երեւանի Մաշտոցի պողոտայում: Նա համարվում է Նովգորոդի քրեական աշխարհի լիդերներից մեկը: Ըստ ռուսական լրատվամիջոցների տեղեկությունների, Մխիթարյանը «Ապակեթելերի Նովգորոդի գործարանի», «Պրոյեկտստրոյ» ընկերության եւ մի շարք այլ ընկերությունների ու կազմակերպությունների ղեկավարն է եղել: Հետխորհրդային շրջանում նա վերահսկում էր այդ տարածաշրջանի տնտեսության զգալի մասը:




























