ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր՝ փետրվարի 18-ին, այցելել է նախօրեին հոսպիտալացած ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:

«Ի ուրախություն բոլորիս՝ շատ լավ էր»,-լրագրողների հետ զրույցում ասել է Հովիկ Աբրահամյանը:

Նշենք, որ ըստ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի՝ Գալուստ Սահակյանը այժմ գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, ինչը, սակայն, պայմանավորված է ոչ թե նրա ծանր վիճակով, այլ քիչ այցելուներ ընդունելու նպատակով: Մինչդեռ փետրվարի 17-ի ուշ գիշերվանից մինչ այս ժամը բազմաթիվ պաշտոնյաներ են այցելել Գալուստ Սահակյանին:

Արմեն Մուրադյանը նաեւ հայտարարել էր, ԱԺ նախագահը նախատեսվածի պես այսօր դուրս չի գրվի հիվանդանոցից, քանի որ ապաքինման համար որոշ ժամանակ է անհրաժեշտ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին փետրվարի 17-ի երեկոյան շտապ տեղափոխել են 1-ին համալսարանական հիվանդանոց, քանի որ ճնշման կտրուկ տատանում է եղել:

Բժիշկները սկզբում ԱԺ նախագահի մոտ սրտի հետ կապված խնդիրներ էին կասկածում, սակայն դրանք ժխտվել են։ Գալուստ Սահակյանին մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆով հետազոտվել է: