Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատանը փետրվարի 18-ի գիշերը եռյակ է ծնվել: 3 երեխաների մայր Վանաձորի բնակչուհի 35-ամյա Ռիմա Միրզոյանն այդ գիշեր միանգամից երեք տղա է ունեցել` Արմանին, Արենին եւ Արտյոմին:
«Մտածում էինք մեկ երեխա է, բայց որ ստուգեցին, ասացին եռյակ է, ուրախացանք, որոշեցինք ունենանք»,- ասում է մայրիկը:
Ռիման ծննդատուն է գնացել հղիության 35-36 շաբաթական ժամկետում, հետազոտությունից հետո, ելնելով երեխաների դիրքից ու հղիության ժամկետից, բժիշկները կեսարյան հատում են արել:
Լոռու մարզի գլխավոր նեոնատոլոգ Լիլիթ Ղարաքեշիշյանը NEWS.am-ի հետ զրույցում, նշեց, որ երեխաները ծնվել են թեթև ասֆիքսիայով եւ նրանք ինտենսիվ բուժման կարիք ունեն:
«Երեխաները երեքն էլ անհաս են ծնվել 1.900, 1.700 և 1800 գ քաշով: Նորածիններից երկուսը թթվածին են ստանում, երրորդը համեմատաբար ավելի բարվոք վիճակում է: Ծննդից ութ ժամ անց երեխաների վիճակը կայուն է, միջին ծանրության, որը համապատասխանում է իրենց անհասության աստիճանին ու եռյակ լինելու հանգամանքին: Հարազատները տեղեկացված են երեխաների առողջական խնդիրների ու հնարավոր բարդությունների մասին»,-ասաց նա:
Վանաձորի բժշկական կենտրոնի Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ վերջին 23 տարում Վանաձորի ծննդատանը եռյակ չէր ծնվել, վերջին անգամ եռյակը ծնվել է 1993 թ.` երեք աղջիկներ:











