«ԱրմենՏել» (ապրանքանիշը Beeline) ընկերությունն իր բջջային կապի բաժանորդներին առաջարկում է հավաքել բոնուսային միավորներ Beeline Bonus ծրագրի շրջանակում: Ֆիզիկական անձ հանդիսացող բջջային կապի բաժանորդները կուտակված միավորները կարող են փոխանակել գեղեցիկ համարներով (ոսկի, արծաթ կամ բրոնզ), կամ Beeline ցանցի ներսում անվճար րոպեներով եւ կարճ հաղորդագրություններով:
Բոնուսային միավորները գործում են անժամկետ: Կանխավճարային համակարգի բաժանորդներին դրանք տրամադրվում են օրվա ընթացքում հիմնական հաշվեկշռից ձայնային ծառայությունների եւ SMS ծախսերի համար: Հետվճարային համակարգի բաժանորդները բոնուսային միավորներ ստանում են յուրաքանչյուր ամսվա սկզբում կախված այն բանից, թե որքան է նախորդ ամսվա ընթացքում բաժանորդը ծախսել ձայնային եւ SMS ծառայություններից օգտվելու համար:
Կանխավճարային համակարգի բաժանորդն ստանում է 5 միավոր, եթե նա օրվա ընթացքում ծախսում է 50 դրամ ձայնային կամ SMS ծառայություններից օգտվելու համար: Օրվա ընթացքում միավորների առավելագույն քանակը 20 է:
Beeline Bonus ծրագրին մասնակցելու համար կանխավճարային համակարգի բաժանորդները պետք է գրանցվեն համակարգում` զանգահարելով *777# կարճ համարին: Հետվճարային համակարգի բաժանորդները ծրագրում գրանցվելու համար պետք է զանգահարեն 0674777 համարին:
Բոլոր այն բաժանորդները, ովքեր մինչ այդ մասնակցել են Beeline Bonus ծրագրին ավտոմատ գրանցվում են նոր ծրագրում` ստանալով նվեր 100 միավոր:




























