Սեպտեմբերի 17-ի գիշերը Երեւանի Երվանդ Քոչար փողոցում` SAS սուպերմարկետում բռկնված հրդեհի արդյունքում տուժած բոլոր հինգ քաղաքացիների առողջական վիճակը լավ է, եւ նրանք դուրս են գրվել հիվանդանոցից:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց «Արմենիա» բժշկական կենտրոնի սուր թունավորումների բժիշկ, հանրապետության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը, հրդեհի վայրից բուժկենտրոն տեղափոխված չորս անձանց ամբուլատոր բուժօգնություն է ցուցաբերվել, եւ մի քանի ժամ անց նրանք դուրս են գրվել հիվանդանոցից: Բժիշկը հայտնեց, որ նախապես շմոլ գազից թունավորում էր կասկածվում, սակայն բոլոր ստուգումների արդյունքում պարզվել է, որ նրանք թունավորում չեն ստացել եւ նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:

Տուժածներից մյուսը՝ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի պետ Մանվել Ավետիսյանը, ով ճակատի հատվածում վնասվածք էր ստացել, տեղափոխվել է «Էրեբունի» բուժկենտրոն, եւս ստացել է համապատասխան բուժօգնություն եւ դուրս է գրվել: Բժիշկների կողմից տուժածի վիճակը բնութագրվել է բավարար:

Ի դեպ, Հայաստանի փրկարար ծառայությունն իր հաղորդագրության մեջ հայտնել էր միայն իր աշխատակցի ստացած վնասվածքի մասին՝ որեւէ բառով չհիշատակելով մյուս տուժածներին:

Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել էր Երեւանի Քաջազնունու 20ա հասցեում գտնվող SAS սուպերմարկետի վերելակի հորանում: Դեպքի վայր էին մեկնել ութ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ հրդեհաշիջման շտաբը:

Այրվել է որպես պահեստային տարածք եւ աշխատասենյակներ գործածվող 350 քմ. մակերեսով նկուղն` իր գույքով:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի