Արցախում փետրվարի 18-ին հրազենային մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 19-ամյա Դավիթ Տերտերյանի հարազատներին հայտնի չեն նրա մահվան հանգամանքները:

Դավիթի հորեղբայրը՝ Ռուբեն Տերտերյանը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ստույգ չգիտեն՝ ինչ է պատահել, բայց բացառում են ինքնասպանության վարկածը:

«Նա կյանքը, հարզատներին էնքան շատ էր սիրում, որ նման քայլի ընդունակ չէր, բացառվում է: Մնում է երկու տարբերակ` կամ խփել են, կամ էլ զենքը ձեռքն է եղել,  պատահաբար խաղացել է հետը ու իրեն է կպել: Բայց դա էլ հնարավոր չէ, որովհետեւ նա միամիտ տղա չէր, լավ տիրապետում էր զինքին, առաջին անգամ չէ, որ ձեռքը զենք էր վերցրել»,- ասաց հորեղբայրը:

Հորեղբայրը տեղեկացրեց, որ դեպքից մեկ օր առաջ են ընտանիքի անդամները խոսել Դավիթի հետ: Նա բարձր տրամադրություն է ունեցել, ասել է, որ լավ է իրեն զգում:

Դավիթը Երեւանի բնակիչ էր: Նա 8 ամիս առաջ էր զորակոչվել՝ կիսատ թողնելով ուսումը Ավանի բժշկական քոլեջի ատամնաբուժական բաժնում: Դավիթը երկու քույր ու մեկ եղբայր ունի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 18-ին՝ ժամը 13:00-ի սահմանում,  ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռ չպարզված հանգամանքներում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Դավիթ Վահեի Տերտերյանը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: