Հայկական բանակում վերջին բոլոր միջադեպերի եւ արտակարգ դեպքերի բոլոր պատասխանատուները պետք է կրեն եւ կրելու են պատասխանատվություն: Ազգային Ժողովում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՅԴաշնակցություն կուսակցության պատգամավոր, Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:
«Իմ համոզվածությունը հիմնված է նրա վրա, որ ես լավ եմ ճանաչում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Նա սկզբունքային մարդ է: Բառացիորեն, ամեն միջադեպից հետո մենք հանդիպել կամ խոսել ենք հեռախոսով»,- հավաստիացրել է Կարապետյանը: Իհարկե, ընդգծել է նա, այն, ինչ տեղի է ունենում բանակում, դատապարտելի է, բայց Սեյրան Օհանյանը փորձում է վերացնել բոլոր բացասական երեւույթները, որոնք խորքային արմատներ ունեն, Խորհրդային Միության ժամանակներից, ղարաբաղյան պատերազմից:
Բացասական երեւույթների շարքում Կարապետյանը նշել է նաեւ կոռուպցիան, որ կա բանակում: «Սակայն որոշակի աշխատանք արդեն տարվում է, հատուկ դաստիարակչական գրքույկներ են հրատարակվել սպայական կազմի համար, հրամանատարները պետք է սովորեն հարգել զինվորին, ինչպես իրենց երեխաներին»,- նկատել է Կարապետյանը:
Իր հերթին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ ավելի մտահոգված է ոչ թե բանակի բարոյահոգեբանական մթնոլորտով, այլ հասարակության, քանի որ դա արտացոլվում է Զինված ուժերում: Նրա խոսքով, հայկական բանակում ավելի բարդ դեպքեր են եղել, որոնք, սակայն, ստվերում են մնացել լարված քաղաքական իրավիճակի պատճառով: «Թող հանգիստ թողնեն բանակը, որը Հայաստանի նորագույն պատմության ամենամեծ ձեռքբերումներից է»,- խորհուրդ է տվել Սահակյանը՝ միաժամանակ հավելելով, որ բանակում նվազագույն արտակարգ միջադեպը դատապարտելի է:




























