Իրանը պլանավորում է ծանր նավթի նոր տեսակի մատակարարումները վերսկսել այս տարվա հունիսին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը։

Ըստ առկա տեղեկությունների՝ Իրանի ազգային նավթային ընկերությունը (NIOC) մտադիր էր վաճառքը սկսել արդեն մարտին, սակայն որոշել է հետաձգել, որպեսզի պոտենցիալ գնորդներին հնարավորություն տա փորձարկել արտադրանքի որակը։

NIOC-ը դեռ չի հայտնել նոր տեսակի անունը եւ չի հստակեցրել, թե ինչ ծավալներով է մտադիր իրացնել նավթը։

Անցյալ տարի Իրանում նավթի արդյունահանման միջին ծավալը կազմում էր օրական 2.8 մլն բարել։ Ընդ որում, հունվարին արտահանվել է օրական 1.5 մլն բարել, իսկ փետրվարին՝ մինչեւ 1.44 մլն բարել  նավթ։ Bloomberg-ի տեղեկություններով՝ Իրանը մտադիր է մարտի վերջին նավթի արդյունահանման ծավալը ավելացնել եւս 500 հազար բարելով։

Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի խոսքով՝ իրենց նպատակն է վերադառնալ մինչպատժամիջոցային ժամանակաշրջանի արդյունահանման մակարդակին՝ օրական 3.6 մլն բարել։

Նշենք, որ Թեհրանում փետրվարի 17-ին կայացել է Իրանի, Վենեսուելայի, Իրաքի եւ Կատարի նավթի նախարարների հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է նավթի արդյունահանման ծավալները հունվարի մակարդակի վրա սառեցնելու հարցը։ Զանգանեն հայտնել էր, որ Իրանը կպաշտպանի ցանկացած միջոց, որն ուղղված է նավթի գների կարգավորմանը։

Ընդ որում, Reuters-ի տեղեկություններով, բանակցությունների ժամանակ Իրանը պնդել է իր դիրքորոշումը, որի համաձայն՝ Թեհրանը պետք է վերականգնի պատժամիջոցների տարիներին կորցրած շուկայի իր բաժինը։