ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի սպանության գործի քննությանը Հայաստանը պարտավոր է հանդես գա որպես երրորդ կողմ: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ նախկին օմբուդսմեն  Լարիսա Ալավերդյանը՝ նշելով, որ Ռամիլ ՍաՖարովը Գուրգեն Սաֆարյանին դաժանորեն սպանելով՝  իրականացրել է Ադրբեջանի հայատյաց պաշտոնական քաղաքականությունը:

«Համոզված եմ, որ այս գործում՝ Հայաստանի որպես երրորդ կողմ հանդես գալը կլինի վերին աստիճանի արդյունավետ, որորվհետեւ Ռամիլ Սաֆարովը ոչ միայն պետության կողմից ազատ է արձակվել, այլեւ վարձատրվել է Գուրգեն Մարգարյանին սպանելու համար, հերոսի կոչում է ստացել պետության կողմից: Սա նշանակում է, որ Ռամիլ Սաֆարովն իրականացնում էր ադրբեջանական պաշտոնական քաղաքականություն: Հայաստանի պարտավորությունն է բերել հանգամանքներ եւ փաստեր, որոնք կվկայեն Ադրբեջանի  պաշտոնական ռասիստական, հայատյաց քաղաքականության  մասին»,-ասաց նա:

Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ այս գործի բուն ընթացքը հույս է ներշնչում, որ արդարությունը վերջապես կհաղթի: Նրա խոսքով, Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան վերադարձնելը, եղել է միջազգային  իրավունքի սկզբունքների եւ նորմերի կոպիտ խախտում:

«Իրականում Հունգարիայի կողմից եւ միջազգային  իրավունքի սկզբունքների եւ նորմերի կոպիտ խախտում է եղել: Հարցն այսպես է ուղղված Հունգարիային՝ ինչո՞ւ չունենալով գրավոր հաստատում առ այն, որ Ռամիլ Սաֆարովը կշարունակի կրել պատիժը Ադրբեջանում, նրան Ադրբեջան են վերադարձրել: Քանի որ ակնհայտ է, որ Հունգարիայում կասկած անգամ չունեին, որ Ադրբեջանում Սաֆարովը չի կրելու  պատիժը եւ հերոսացվելու է:

Երկրորդ հարցը, որը ուղղվել է Ադրբեջանին, անմիջապես վերաբերվում է Ադրբեջանի անօրինական գործողություններին՝ ինչու է ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը օդանավից իջնելուն պես ազատ արձակվել: Անգամ Ադրբեջանում իրավաբանները հստակեցրել են, որ այդպիսի ազատ արձակումը ոչ միայն միջազգային իրավունքին է հակասում, այլ հենց Ադրբեջանի սահմանադրությանը: Այս երկու հարցերը հույս են ներշնչում, որ պատասխանները ստանալուց հետո կշարունակվի արդարությունը վերականգնելու ուղին»,-ասաց նա:

Լարիսա Ալավերդյանի խոսքով, ՄԻԵԴ-ը Գուրգեն Մարգարյանի սպանության գործին ուշ է անդրադարձել, քանի որ գործը պահանջել է մանրակրկիտ ուսումնասիրություն:

«Վերջին 20 տարվա ընթացքում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թիվն ավելացել է եւ ՄԻԵԴ-ը ծանրաբեռնված է, բացի այդ այս գործը ինքնին ծանր գործ է եւ պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն: Երբ 2012թ., Ադրբեջանը հակադրվեց միջազգային իրավունքին, այդ ժամանակ հայկական կողմը 1 տարի ժամանակ ուներ այդ գործը պատշաճ ձեւով ձեւակերպելու եւ ուղարկելու ՄԻԵԴ:  Եվ դա արվեց, երեք տարի անց միայն այս գործը կոմունիկացիայի փուլ մտավ: Վերջին տարիներին Ադրբեջանն իր երկրում մարդու իրավունքների այնպիսի խախտումներ է թույլ տալիս, որ ԵՄ երկրների ուշադրության ներքո է, այն ոտնահարում է մարդու իրավունքներն եւ այդ պատճառով, հաճախ Ադրբեջանի կեցվածքը մոտենում է ԻԼԻՊ-ին»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 19-ին, լրացավ Գուրգեն Մարգարյանի վայրագ սպանության 12 տարին: 2004թ. փետրվարի 19-ին, Հայաստանի ԶՈւ զինծառայող Գուրգեն Մարգարյանը, որը անգլերենի դասընթացներ էր անցնում Բուդապեշտում, քնած ժամանակ կացնահարվել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից: