Որոշ գործընկերներ Ազգային ժողովում «եխիդնի» հարցեր են տալիս ու փչացնում ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի տոնը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, ԱԺ-ում Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա, դիմելով օրինագիծը ներկայացնող Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, մասնավորապես, ասվոլ է. «Ցավոք, մեր գործընկերները չեն հետեւում այն կոչերին, որ չպետք է քաղաքականացնել հարցը: Քաղաքական հարց է, բայց ի՞նչ կարիք կա քաղաքականացնել: Որոշ գործընկերներ եխիդնի հարցեր են տալիս, ՀՀԿ-ի եւ ՀՅԴ տոնական տրամադրությունը փչացնում:
Ի վերջո, ՀՀ-ին Տարածքային կառավարման նախարարությունը պե՞տք է, թե ոչ: Եթե այո, ապա ո՞նց էինք ապրում այս երեք ամիսը՝ առանց այդ կենսական նախարարության: Եթե պետք չի, ինչու ենք նորից ստեղծում այն: Ստացվում է, որ քաղաքական համաձայնությունը հակասում է կառավարման արդյունավետության տրամաբանությանը»:
Նրա խոսքով, սա անարդար վերաբերմունք է մյուս գործընկերների նկատմամբ, քանի որ Արմեն Երիցյանը մնում է իր պաշտոնին, իսկ մյուս երկու նախարարները հեռանում են: «Ժամանակին եղել են Լուսավորության եւ Կրթության, Էկոնոմիկայի ու Առեւտրի առանձին նախարարություններ, հիմա էլ դրանք տարանջատեք, որ արդար լինեք ձեր գործընկերների նկատմամբ: Ժողովրդի մեջ խոսում են նաեւ, որ անտեր նախարարներին հանել են ու ով տեր ունի, պահել են: Դուք դիսկոմֆորտի զգացում չունե՞ք, օրինակ, Արմեն Աշոտյանի ու Կարեն Ճշմարիտյանի նկատմամբ: Խնդրում եմ՝ պատասխանը չքաղաքականացնել»,-նշել է Փաշինյանը:
Ի պատասխան Արփինե Հովհաննիսյանը նշել. «Մենք առանց Տարածքային կառավարման նախարարության չենք եղել, այն եղել է արտակարգ իրավիճակների նախարարության հետ միասին: Իսկ անարդարության զգացում ես ունենում եմ հաճախ, սակայն ոչ այս դահլիճում, ոչ այս հարցը զեկուցելիս, այլ այն ժամանակ, երբ հարցնում են այն, ինչ ինձնից ավելի լավ ու վաղուց գիտեն, սակայն այս նախագիծը ներկայացնելիս ես նման զգացում չեմ ունենում»:
Նշենք, որ քննարկվող օրինագծով նախատեսվում է տարանջատել արտակարգ իրավիճակների եւ տարածքային զարգացման նախարարությունները, որի արդյունքում Տարածքային կառավարման նախարար կնշաանակվի ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանը:











