Այնպիսի տպավորություն է, որ տեղի է ունեցել ամուսնություն, որով որոշվել է հարս բերել, բայց տան պայմանները չեն բավարարում ամուսնության համար, նպաստավոր չեն, և որոշել են այդ բնակարանի մի սենյակը կիսել, որպեսզի զույգերը կարողանան այդտեղ բնակվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, ԱԺ-ում Արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունները տարանջատելու վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Կարծում եմ՝ եթե հարս եք բերում, ուրեմն զգալի գումարներ էլ կտրամադրվեն: Սա մեր հարկատուներիս գումարներն են, որոնց արդյունքում են տեղի ունենում այս կեղծ ամուսնությունները: Բոլորս պետք է դեմ քվեարկենք այս նախագծին, քանի որ այս քաղաքական պայմանավորվածությունները արդիական չեն»,-ասել է Փոստանջյանը:
Նա հարց է ուղղել օրինագիծը ներկայացնող արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, թե իսկապե՞ս ՀՀԿ-ն հեղինակազրկված էր ու պետք էր, որ ՀՅԴ-ն մաքրեր այն: «Իրենց կարիքը ունեի՞ք, դրա համա՞ր եք նրանց վերցնում, քանի չունեք համապատասխան մասնագետներ, ռեսուրսներ: Օրինակ՝ Աշոտյանը չէ՞ր համապատասխանում իր հմտություններով: Դուք ընդունո՞ւմ եք, որ ձեր քաղաքական ուժը ձախողել է ու մեկ այլ ուժի միջոցով փորձում եք դրանք ուղղել, քանի որ բացի քաղաքական համագործակցության հիմնավորումից, այլ բան չներկայացվեց: Արդյոք այս որոշումը բխո՞ւմ է մեր պետության շահից»,-ընդգծել է Փոստանջյանը:
Ի պատասխան Արփինե Հովհաննիսյանը նշել է. «Իմ գործընկերները՝ ՀՅԴ-ն, մանրամասն պարզաբանում տվել են հեղինակազրկման մասին: Իմ թիմում կան ռեսուրսներ, իսկ պարոն Աշոտյանը ամենապատրաստված ՀՀԿ ռեսուրսն է: Անունները կարեւոր չեն, այլ կարեւոր են թիմերն ու տեսլականը: Ես հեռու եմ այն մտքից, որ ձախողումներ եղել են, թերություններ ու դժվարություններ եղել են ու կան, իսկ համագործակցության մենք միշտ պատրաստ ենք եղել բոլոր ուժերի հետ»:











