Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարում սկզբից ի վեր հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել բոլորի՝ այդ թվում Ռուսաստանի հետ։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիում Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադարձել է Սիրիայի հետ կապված զարգացումներին։

«Թուրքիան մշտապես ակտիվ մասնակցել է ԻՊ-ի դեմ պայքարին։ Այսուհետ եւս պայքարելու է։ Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարում սկզբից ի վեր հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել բոլորի՝ այդ թվում Ռուսաստանի հետ։ Մենք ասել ենք, որ անհրաժեշտ է Սիրիայում խնդրի կարգավորման համար քաղաքական լուծում առաջարկել։ Թուրքիան մշտապես ասել է, որ Սիրիայում խնդրի քաղաքական կարգավորման մեջ կարեւորում է Ռուսաստանի եւ Իրանի դերը»,-ասել է Չավուշօղլուն։

Թուրքիայի ԱԳ նախարարը նաեւ նշել է, թե ՌԴ-ն Սիրիայում հարվածների 12 տոկոսն է ուղղում ԻՊ-ին, իսկ մնացած 88 տոկոսն ուղղում է Սիրիայի չափավոր ընդդիմությանը։ «Նման հավասարակշռությունը Սիրիայում հարցերը չի լուծի»,-պնդել է Չավուշօղլուն։