Ամերիկյան Virgin Galactic ընկերությունը հինգշաբթի առաջին անգամ ներկայացրել է զբոսաշրջիկների համար SpaceShipTwo ենթաուղեծրային տիեզերանավի նոր մոդելը, որը ստեղծվել է մոտավորապես մեկ ու կես տարի առաջ մշակված նմուշի փոխարեն: Ընկերության տնօրեն միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը մասնագետներին, լրագրողներին եւ Virgin Galactic-ի պոտենցիալ հաճախորդներին ցուցադրել է տիեզերանավը փորձարարական կենտրոնի անգարներից մեկում, Լոս Անջելեսից ոչ հեռու (Կալիֆորնիայի նահանգ):
Արտաքինից տիեզերանավը գործնականում չի տարբերվում նախորդ մոդելից, որը ջարդվել էր 2014-ի հոկտեմբերին Կալիֆորնիայի հարավում գտնվող Մոհավի անապատում փորձարարական թռիչքի ընթացքում: Քննիչների տվյալների համաձայն, կործանման պատճառներից մեկը օդաչուի սխալն էր: Աղետի հետեւանքով օդաչուներից մեկը զոհվել էր, մյուսը` տուժել, տեղեկացնում է ТАСС-ը:
Virgin Galactic-ի ներկայացուցիչները հավաքվածներին հավաստիացրել են, որ աղետից հետո անհրաժեշտ եզրահանգումներ են արել եւ SpaceShipTwo նոր մոդելը, որը VSS Unity անվանումն է ստացել, զգալիորեն ավելի անվտանգ է դարձել: Տիեզերանավի կառավարման շատ գործառույթներ այժմ ավտոմատացված են: Մի շարք առաջադրանքների կատարման ժամանակ համակարգիչը կապահովագրի օդաչուին:
Տիեզերանավի վրա ավանդական մի շիշ շամպայն ջարդելու փոխարեն, Բրենսոնի մեկ տարեկան դուստրը կաթով լի շիշ է ջարդել: Նոր մոդելի ստեղծողները դժվարացել են հայտնել փորձնական թռիչքների ամսաթիվը: ԶԼՄ-ների տվյալներով դա տեղի կունենա մինչեւ ընթացիկ տարվա վերջ:
ԱՄՆ-ում տիեզերական ոլորտի շատ փորձագետներ արձանագրել են, որ 2014-ին Virgin Galactic-ին պատկանած տիեզերանավի աղետից հետո ընկերության համբավը չափազանց «ընկել է»: Ինչպես նշում են նրանք, նախագիծն արդարացնելու միակ հնարավորությունը կլինի նոր մոդելի հաջող փորձարկումը:
SpaceShipTwo-ն մշակվել է բացառապես զբոսաշրջային նպատակներով: Ենթադրվում է, որ երկժամանոց թռիչքի արժեքը, որի ընթացքում զբոսաշրջիկները կկարողանան անկշռելիություն զգալ եւ երկրագունդը տեսնել 100 կմ բարձրությունից, կկազմի մոտ 250 հազար դոլար:
Ինչպես ակնկալվում է, տիեզերանավը կկարողանա ներառել երկու օդաչուի եւ վեց ուղեւորի: Արդեն ավելի քան 800 մարդ ցանկություն է հայտնել այդ եղանակով տիեզերքում հայտնվելու, նրանց թվում են դերասաններ Թոմ Հենքսն ու Անջելինա Ջոլին: Բրենսոնի խոսքով, տիեզերանավի առաջին ուղեւորները պիտի դառնան ինքն ու իր երեխաները:
2013-ի ապրիլին SpaceShipTwo-ն հաջողությամբ իրականացրել է իր առաջին կառավարվող թռիչքը:



























