Ճապոնիայում 2015-ին մոտ 54,5 մլրդ ցանցահենային գրոհ է գրանցվել`  29 մլրդով ավելի, քան մեկ տարի առաջ: Այդ մասին տեղեկացրել է երկրի կառավարությանը կից Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտը: 

Նրա տվյալներով, չարամիտների հիմնական թիրախը դարձել են մասնավոր, ինչպես նաեւ պետական  հիմնարկությունների եւ նախարարությունների համակարգիչները: Միաժամանակ, մի շարք կիբերգրոհներ են իրականացվել անվտանգության համակարգերը, այդ թվում նաեւ` շենքերի ներսում եւ փողոցներում անվտանգության տեսախցիկները շարքից հանելու նպատակով: Բացի այդ,  անցյալ տարի Ճապոնիայում ցանցահենային գրոհների հետեւանքով առեւանգվել են ավելի 2 մլն մարդու անձնական տվյալները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

Նշվում է, որ ցանցահեններն ամենից հաճախ փորձել են էլեկտրոնային փոստի միջոցով վարակել ընկերությունների եւ կազմակերպությունների համակարգիչները, ինչպես նաեւ   DdoS գրոհներ են իրականացրել պաշտոնական համացանցային կայքերի վրա: 

Վերջերս կիբերհանցագործներն ավելի հաճախ են Ճապոնիայում թիրախներ ընտրել:  Այս տարվա սկզբից գրոհների են ենթարկվել ֆինանսների նախարարության, ազգային խորհրդարանի, ոստիկանական գլխավոր վարչության կայքերը, ինչպես նաեւ Տոկիոյի օդանավակայանների ինտերնետ պորտալները:   

Անցյալ տարի ճապոնական կառավարությունը հաստատել է կիբերհանցագործության դեմ պայքարի նոր ռազմավարությունը երկրի պետական հաստատությունների վրա հաճախացած գրոհների հետ կապված: Անցալ տարի ճապոնական կառավարությունը հաստատել է կիբերհանցագործության դեմ պայքարի նոր ռազմավարությունը երկրի պետական հաստատությունների վրա հաճախացած ցանցահենային գրոհների հետ կապված:  Նոր պլանի համաձայն, կիբերգրոհների դեմ պայքարի հիմնական միջոցը կդառնա պետական կարեւորություն ունեցող ամբողջ տեղեկատվությունը ցանցից հանելը, ինչն անհնարին կդարձնի այն համացանցով գողանալը: Ճապոնիայի կառավարությունը մտադիր է ուժեղացնել այլ երկրների հետ  կիբերհանցագործության դեմ պայքարի հարցով համագործակցությունը: