ԵՄ անդամակցությունը պահպանելու հանրաքվեն կընթանա հունիսի 23-ին: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, տեղեկացնում  է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

«Ես խորհրդարանին կառաջարկեմ, որ բրիտանացիները Եվրոպայում  մեր ապագայի հարցը որոշեն հանրաքվեում, որը կկայանա 2016թ. հունիսի 23-ին»,- ասել է Քեմերոնը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցով հանրաքվեի ամսաթիվը կհայտարարվի նախարարների կաբինետի նիստի ավարտին:

Նախօրեին ԵՄ երկրներն ու Մեծ Բրիտանիան միաձայն համաձայնության էին եկել ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամակցության նոր պայմանների շուրջ: Ավելի ուշ Քեմերոնն ասել էր, որ ԵՄ շրջանակներում Մեծ Բրիտանիայի «հատուկ կարգավիճակի»  շուրջ համաձայնության է եկել:

Քեմերոնը Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանման ավանդական կողմնակիցն է: Սակայն նախօրեին Բրյուսելում բանակցությունների ժամանակ նա նախազգուշացել էր, որ  առանց անդամակցության պայմանների փոփոխության, ինքը չի կարող հայրենակիցներին քարոզել միասնական Եվրոպայի գաղափարը:

Փետրվարի սկզբին Եվրամիությունը Մեծ Բրիտանիային ներկայացրել էր ԵՄ բարեփոխումների նախագիծը, որը Քեմերոնի կառավարությանը թույլ կտար իր ընտրողներին կոչ անել հանրաքվեում քվեարկել ԵՄ անդամակացությունը պաշտպանելու օգտին:

Խոսքը 4 կետի մասին էր՝ Մեծ Բրիտանիայի եւ եվրոգոտու անդամ չհանդիսացող մյուս երկրների միասնական շուկայի պահպանում, ավելի մրցունակ ԵՄ ստեղծում, Մեծ Բրիտանիային հնարավորինս սերտ միության տանող գործընթացից ազատում, ԵՄ ժամանող միգրանտների արտոնությունների արգելափակում: Փաստաթղթի ավելի ուշ ներկայացված տարբերակում խոսվում էր խորհրդարանների կողմից եվրոպական օրինագծերի վերանայման եւ Մեծ Բրիտանիայի համար նոր ժամանող միգրանտներին սոցիալական համակարգում ներառելու ժամկետը 4 տարով հետաձգելու մասին: