Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը շնորհակալություն է հայտնել դիվանագետին հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական մեծ ավանդի համար եւ եւ համոզմունք հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին ձեւավորված կառուցողական փոխհարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ։ Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել մեծ հայագետի դերը երկու ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդման հարցում եւ հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է առեւտրատնտեսական փոխգործակցության խորացման ուղղությամբ առկա ողջ ներուժի իրացման անհրաժեշտությունը եւ կարեւորվել Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը։
Երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստում կողմերն անդրադարձել են առաջիկա բարձր մակարդակի պաշտոնական այցերին։ Նշվել է, որ 2011 թվականի սկզբին նախատեսվում է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի այցը Հայաստան, իսկ 2010 թվականի նոյեմբերին Հայաստան կայցելի Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշչենկոն։
Հանդիպման ավարտին Ալեքսանդր Բոժկոն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին է փոխանցել Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի շնորհավորական ուղերձը Հայաստանի Ազգային օրվա առթիվ։




























