Հայաստանի պաշտպանության նախարարությունը բացահայտել է օրերս ինտերնետ ցանցում հայտնված զինծառայողների միջեւ ոչ կանոնադրական փոխհարաբերությունների վերաբերյալ տեսանյութի բոլոր գործող անձանց:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի բոլոր մասնակիցները բացահայտվել են եւ բերման են ենթարկվել Հայաստանի ՊՆ ռազմական ոստիկանություն:

Դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերը ՊՆ ռազմական ոստիկանության կողմից 2010թ. սեպտեմբերի 17-ին փոխանցվել են ՀՀ զինվորական դատախազություն: Հարուցվել է քրեական գործ: ՊՆ-ն դեպքի մանրամասների մասին կհաղորդի առաջիկայում:

Հիշեցնենք, որ տեսանյութում պատկերված կիսամերկ մի անձնավորություն դաժան վերաբերմունքի եւ ստորացման էր ենթարկում զինված ուժերի երկու զինծառայողների:

Քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն՝ տեսանյութում պատկերված սադիստը ԼՂՀ զորամասի «Եղնիկներ» գումարտակի հրամանատարի տեղակալ է՝ կոչումով մայոր:

Նշենք նաեւ, որ արդեն սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում Պնախարար Սեյրան Օհանյանն ընդգծել էր, որ չի հավատում այդ տեսագրությանը, որ հայկական բանակում նման դեպքեր են լինում: Օհանյանը հայտարարել էր, որ ներկայումս տեսագրությունը գտնվում է մասնագետների փորձաքննության ներքո: «Բայց եթե պարզվի, որ նման դեպք է եղել, նա ով դաժանաբար է վարվել զինվորների հետ, խստորեն պատժվելու է: Ցավոք, մենք դեռ այդ մարդուն չենք գտել»,- նշել էր Օհանյանն ու հավելել, որ խստորեն պատժվելու են այդ տեսագրությունները Youtube-ում տեղադրող անձինք։