Փետրվարի 22-ին, ժամը 2.00-ին, Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վահագնի գյուղի մոտ` ճանապարհի եզրին, հայտնաբերվել է տղամարդու դիակ:

Մեկնած օպերատիվ խումբը ժամը 2.35-ին Վահագնի գյուղի մոտ, ճամփեզրին, հայտնաբերել է 44-ամյա Նվեր Քոչինյանի դիակը` գլխի հետեւի մասի հրազենային վնասվածքով:

Դիակի մոտ հայտնաբերվել է «ՏՏ» տիպի ատրճանակի համար նախատեսված, 7.62 տրամաչափի մեկ կրակված փամփուշտի պարկուճ եւ մեկ չկրակված փամփուշտ:

Փետրվարի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նշանակվել են դատաձգաբանական եւ դատաբժշկական փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լոռու մարզի Վահագնի գյուղում այսօր՝ փետրվարի 22-ի գիշերը, վիճաբանություն է տեղի ունեցել Վահագնի գյուղի գլխավոր փողոցում, որն ավարտվել է սպանությամբ: Գլխի շրջանում ստացված վնասվածքից մահացել է նույն գյուղի բնակիչ, 44-ամյա Նվեր Քոչինյանը:

Մեզ հայտնի է դարձել, որ սպանվածն ու սպանությունը կատարելու մեջ կասկածվողը համագյուղացիներ են, տարիներ առաջ մտերիմ ընկերներ են եղել, միասին աշխատել են ՌԴ-ում, ապա ինչ-որ ֆինանսական հարցերի շուրջ անհամաձայնություններ են եղել, որն էլ վերածվել է թշնամանքի:

Ըստ շրջանառվող տեղեկությունների, կասկածյալը Կախյանների ընտանիքից է, ում ընտանիքը (7 մարդ), այդ թվում կանայք ու երեխաներ, դաժանաբար սպանվել էին 16 տարի առաջ՝ 2000թ-ին: