Սեպտեմբերի 17-ին, պաշտոնական այցով Մայր Աթոռ սուրբ Էջմիածին ժամանած Էստոնիայի Եկեղեցիների Խորհրդի պատվիրակությանն ընդունել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Հանդիպմանը ներկա էին ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական միջեկեղեցական հիմնադրամի եւ ԷԿԼՈՖ հիմնադրամի ներկայացուցիչներ եւ Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պաշտոնեությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր` հետագա հարաբերությունների առավել սերտացման, փորձառության փոխանակման եւ սոցիալական դիակոնիայի ոլորտում համագործակցության հաստատման վերաբերյալ:
Հովակիմ սրբազանի ուղեկցությամբ Խորհրդի անդամները շրջել են Մայր Աթոռի տարածքում, ծանոթացել նրա պատմությանը, այցելել Մայր Աթոռի թանգարաններ` ծանոթանալով հայ հոգեւոր մշակույթի գանձերին եւ սրբություններին:
Նույն օրը պատվիրակությունն այցելել է նաեւ Սուրբ Գայանե եւ Սուրբ Հռիփսիմե վանքերը, հանդիպումներ ունեցել վանահայրերի հետ:
Օրվա վերջում Խորհրդի անդամներին հյուրընկալել են Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսչական կազմը եւ ուսանողությունը: Հանդիպման ընթացքում պատվիրակները ճեմարանականներին են ներկայացրել Էստոնիայի եկեղեցիների հոգեւոր կյանքն ու գործունեությունը, պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին:





























